38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Պոեզիան սպորտաձև չէ, որ մրցակիցներ ունենաս»

«Պոեզիան սպորտաձև չէ, որ մրցակիցներ ունենաս»
04.10.2012 | 15:56

Խնկո-Ապոր անվան գրադարանի շենքում գտնվող գրախանութում (հոկտեմբերի 6-ին` ժամը 15.00-ին) տեղի կունենա հանդիպում գյումրեցի բանաստեղծ Գևորգ Թումանյանի հետ:

Հանդիպման ընթացքում կընթերցվեն բանաստեղծություններ, կլինեն անկեղծ զրույց հեղինակի հետ: Կկազմակերպվի նաև նրա նոր` «Աստվածային ժամանցներից զատ» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը` «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարի շրջանակներում, խմբագիրը Արքմենիկ Նիկողոսյանն է: Նրա բնորոշմամբ` գյումրեցի տաղանդավոր պոետի նոր ժողովածուն կրկին հատկանշվում է չվերջակետվող խոսքի տարածության փիլիսոփայությամբ: Կյանքի ու երևույթների հանդեպ բանաստեղծական անթաքույց հեգնանքի առկայությունն ու միևնույն ժամանակ դրանց դրամատիկ խորքերը պեղելու վարպետությունը ժողովածուն ապահովում են տպավորիչ ընդհանրացումներով:
Մեր` «Կարդո՞ւմ եք ժամանակակից բանաստեղծներին: ՈՒնե՞ք մրցակիցներ» հարցմանը բանաստեղծը պատասխանեց, որ կարդում է գրեթե բոլորին, սակայն հարցադրումը, ըստ նրա, ճիշտ չէ: «Պոեզիան սպորտաձև չէ, որ մրցակիցներ ունենաս,- ասաց նա:- Մեկը մի քիչ լավ է գրում, մյուսը` մի փոքր լավ, երրորդը` գերազանց, չորրորդն էլ իբր գրում է և այլն: Ժամանակ առ ժամանակ ես բոլոր խմբերի մեջ էլ հայտնվում եմ»:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանի խոսքով` Գևորգ Թումանյանի պոեզիան անկախության շրջանի ամենաինքնատիպ հայտնություններից մեկն է: «Մի գծով Գևորգը կարծես շարունակում է սովորական առօրեական կյանքի մասին պատմող, սարկազմի տարրերով ընդգծված բանաստեղծության տեսակը,- ասաց նա,- սակայն ժամանակի պոստմոդեռնիստական ընկալումը, իրականության ոգեղեն ու առօրեական կողմերի անկանխատեսելի լուծումները բոլորովին նոր իրականություն են ստեղծում, որտեղ աստվածներն իջնում են պառնասներից ու նախընտրում մարդկային հասարակ կյանքով ապրել, և որտեղ, բոլոր աստվածային ժամանցներից զատ, այնուամենայնիվ, ամենանախընտրելին շախմատ խաղալն է: Գևորգի բանաստեղծությունների ընթերցումն անապահով զբաղմունք է ընթերցողի համար, երբեք հնարավոր չէ կանխատեսել թիրախի ուղղությունը. այն մշտապես անկանխատեսելի է և վերջնակետին հասնելուց առաջ մշտապես շանթահարում է ընթերցողի հոգին»:
Նշենք, որ միայն շնորհանդեսի օրը գիրքը կվաճառվի 600 դրամով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ